Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Տաբուի» ջարդումը. պատմաբան Ֆելիքս Մովսիսյանի գիտական խիզախումը

«Տաբուի» ջարդումը. պատմաբան Ֆելիքս Մովսիսյանի գիտական խիզախումը
08.10.2026 | 18:22

Երբ մի թեմա տասնամյակներ շարունակ շրջանցվում է, մի օր անպայման ելնում է մեկը, ով համարձակ մտնում է այդ «լռության» մեջ։ Ոչ թե աղմուկ բարձրացնելու, ոչ թե առասպելներ հյուսելու, այլ հարցնելու՝ իսկ ի՞նչ է եղել իրականում։ Հայ մասոնության պատմության պարագայում այդ հարցը երկար ժամանակ մնացել էր հայ պատմագրության լուսանցքում։ Թեման կար, անունները կային, առանձին հիշատակություններ ու պատառիկներ կային, բայց ամբողջական պատմություն չկար։ Այսօր այդ բացը լրացնելու հավակնությամբ մեր ձեռքին արդեն ևս երկու ստվար հատոր կա՝ շուրջ 1600 էջ ընդգրկող «Հայ մասոնություն․Օթյակներ և մարդիկ» աշխատությունը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի երկարամյա ուսումնասիրության արդյունքը։

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան համալսարանում աշխատության ներկայացումը պարզապես հերթական գրքի շնորհանդես չէր։ Նույն օրը համալսարանի գիտական խորհուրդը մտավորական, մատենագետ, հրատարակիչ և բարերար Հովսեփ Նալբանդյանին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում։ Եվ այս երկու իրադարձությունների միատեղումը, կարծես, պատահական չէր։ Մի կողմում՝ գիտնականն էր, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է դժվար հասանելի, մասնատված ու չուսումնասիրված նյութը, մյուս կողմում՝ մարդը, ում աջակցությամբ այդ գիտական աշխատանքը վերածվել էր գրքի և հասանելի դարձել ընթերցողին։ Գիտությունն ու մշակութային նվիրվածությունը այդ օրը մի սեղանի շուրջ էին։

Գրքի մասին խոսելիս պետք է մի պահ կանգ առնել հենց թեմայի վրա։ Ի՞նչն է այս երկու հատորը դարձնում կարևոր՝ բացի դրանց ծավալից։ Պատասխանը միայն այն չէ, որ այստեղ շատ անուններ, օթյակներ, թվականներ ու փաստեր են հավաքված։ Ավելի էականն այն է, որ հայ պատմագրության մեջ երկար ժամանակ կիսատ, մասնատված և երբեմն կարծրատիպերով շրջապատված մի թեմա փորձ է արվում ներկայացնել ամբողջական պատմական համապատկերով՝ օթյակների գործունեությունից մինչև դրանցում ներգրավված մարդկանց կյանքը, գաղափարները, ազգային, հասարակական և մշակութային գործունեությունը։ Անվանի պատմաբան Ֆելիքս Մովսիսյանի այս աշխատանքը, հետևաբար, պետք չէ դիտել որպես հանկարծակի հետաքրքրություն առաջացած մի թեմայի նկատմամբ։ Նրա գիտական ճանապարհին մասոնության ուսումնասիրությունը վաղուց արդեն առանձին և հետևողական ուղղություն է դարձել։ Դեռևս նախորդ տարիներին նա անդրադարձել է իրանահայ պետական գործիչ, հայտնի դիվանագետ Միրզա Մալքոմ խանի մասոնական հայացքներին ու գործունեությանը, Կ. Պոլսի, Զմյուռնիայի հայկական օթյակներին, Միքայել Նալբանդյանի մասոնական պատկանելիության խնդրին, արևմտահայերի ազգային սահմանադրական շարժման ծավալման գործում պոլսահայ մասոնների գործունեությանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Յ. Ս. Ղամբարյանի մասոնական գործունեությանը և բազմաթիվ այլ թեմաների։ Այսինքն՝ այսօր սեղանին դրված երկու հատորները ոչ թե մեկ գրքի պատմություն են, այլ տարիներով հավաքված գիտական աշխատանքի հերթական, խոշոր հանգրվանը։

Մովսիսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն էլ միայն մասոնությամբ չի սահմանափակվում։ Նրա աշխատությունները վերաբերում են XIX-XX դարերի հայ հասարակական մտքին, ազգային-ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերություններին, Մխիթարյաններին, Արցախյան շարժմանը և այլ պատմական խնդիրների։ Սակայն մասոնության թեման նրա ուսումնասիրություններում աստիճանաբար այնքան լայնացավ, որ դարձավ ինքնուրույն գիտական ուղղություն։ Դրան նախորդել էր նաև «Մասոնները և ամերիկյան հեղափոխությունը» երկհատոր ուսումնասիրությունը՝ ավելի քան 1300 էջ ծավալով, իսկ 2023-ին լույս էր տեսել «Մասոնությունը հայոց մեջ» 688 էջանոց աշխատությունը։ Այս ճանապարհն ինքնին շատ բան է ասում։ Որովհետև մասոնության մասին կարելի է խոսել տարբեր ձևերով։ Կարելի է այն դարձնել խորհրդավոր պատմությունների, ենթադրությունների ու կիսաճշմարտությունների նյութ։ Կարելի է նաև այն ուսումնասիրել որպես պատմական երևույթ՝ փաստաթղթերով, մամուլով, արխիվային նյութերով, տարբեր լեզուներով պահպանված աղբյուրներով և կոնկրետ մարդկանց կենսագրություններով։ Մովսիսյանի ընտրած ճանապարհը երկրորդն է։ Եվ հենց այստեղ է, որ այս աշխատանքի իրական դժվարությունը երևում է։ Հայկական օթյակների և դրանց անդամների մասին տեղեկությունները միշտ չէ, որ ամբողջական են պահպանվել։ Շատ դեպքերում մնացել են միայն առանձին հիշատակություններ, մամուլի հրապարակումներ, տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում պահպանված նյութեր։ Այդ մասնատվածությունից ամբողջական պատմություն կազմելը սովորական մատենագիտական աշխատանք չէ։ Հեղինակը ստիպված է եղել փնտրել արխիվներում, հազվագյուտ մամուլում, տարբեր լեզուներով աղբյուրներում և այդ կտորները համադրել մեկ պատմական պատկերի մեջ։ Հենց այդ հանգամանքն է, որ համալսարանական գնահատականներում շեշտվել է որպես աշխատանքի առանձնահատկություն։

Վանաձորի պետական համալսարանում Ֆ.Մովսիսյանի գրքի շնորհանդեսի ժամանակ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը, պատմագիտության թեկնածուներ, դոցենտներ Աշոտ Մելիքյանը և Յուրա Ղուլյանը մենագրությունը գնահատեցին որպես «իսկական հանրագիտարան»՝ ընդգծելով դրա գիտական և կրթական նշանակությունը։ Գրականագետ Վալերի Փիլոյանը մենագրությունում օթյակների պատմության կարևորությունը ներկայացնելուց զատ, նշեց, որ հեղինակը ներկայացրել է մեծ թվով հայ ազատ որմնադիր գրողների, հրապարակախոսների, խմբագիրների, բժիշկների, գիտության, արվեստի և մշակույթի բազմաթիվ գործիչների մասոնական գործունեությունն ու ճակատագրերը։

Օթյակները պատմություն չեն ստեղծում, մարդիկ են ստեղծում. Եվ եթե գրքում միայն կազմակերպությունների, տարեթվերի ու անունների ցանկ լիներ, այն կմնար մասնագիտական նեղ շրջանակի ուսումնասիրություն։ Բայց երբ այդ անունների հետևում հայտնվում են կենսագրություններ, գաղափարներ, ընտրություններ, հարաբերություններ, հասարակական ու մշակութային գործունեություն, թեման սկսում է խոսել ոչ միայն պատմաբանի, այլև սովորական ընթերցողի հետ։ Այդ պատճառով էլ այս գիրքը, իմ կարծիքով, ունի մի քանի հասցեատեր։ Այն անհրաժեշտ է պատմաբանին՝ որպես աղբյուրների և փաստերի մեծ շտեմարան։ Հետազոտողին՝ որպես հետագա ուսումնասիրությունների հիմք։ Ուսանողին՝ որպես մի թեմայի համակարգված ներկայացում։ Բայց այն կարող է հետաքրքրել նաև այն ընթերցողին, որը պարզապես ցանկանում է հասկանալ, թե ինչպիսի մարդիկ են հայտնվել այս քիչ ուսումնասիրված պատմության էջերում և ինչ դեր են ունեցել իրենց ժամանակի հասարակական ու մշակութային կյանքում։

Իսկ ինչո՞ւ այս թեման երկար մնաց լուսանցքում։ Պատասխանը միայն մեկ պատճառ չունի։ Խորհրդային շրջանում մասոնության թեման, բնականաբար, չէր կարող ազատ գիտական ուսումնասիրության սովորական ոլորտ դառնալ։ Հետագա ժամանակներում էլ թեման ամբողջությամբ չմտավ հայ պատմագրության հիմնական շրջանառության մեջ։ Արդյունքում հասարակական պատկերացումների մեջ հաճախ գիտական ուսումնասիրության տեղը զբաղեցրին կամ հատվածական տեղեկությունները, կամ չափազանցված, կարծրատիպային պատկերացումները։ Մովսիսյանի կատարած աշխատանքի կարևորությունը հենց այն է, որ նա փորձում է այդ տարածքը վերադարձնել պատմագիտությանը՝ ոչ թե առեղծվածի, այլ փաստի լեզվով։

Եվ գուցե սա է նրա աշխատանքի ամենակարևոր ծառայությունը՝ մի թեմա խորհրդավորության տարածքից տեղափոխել փաստագրության տարածք։ Այս իմաստով 1600 էջը պարզապես թիվ չէ։ Այդ էջերի հետևում տարիների աշխատանք է, աղբյուրների որոնում, համադրում, ստուգում և համակարգում։ Այդպիսի գրքերը գրվում են ոչ միայն այսօրվա ընթերցողի համար. նաև այն ժամանակի համար, երբ որևէ հետազոտող տարիներ անց նորից կբացի նույն էջը և կփորձի պատասխանել նոր հարցի։ Գիտական աշխատության իրական կյանքը, ի վերջո, հենց այստեղ է սկսվում։ Շնորհանդեսի օրը ծափահարություններն ավարտվում են, հյուրերը հեռանում են, գրքերը դասավորվում են գրադարակներում, իսկ հետո մնում է գիրքը և նրա հետագա կյանքը։ Ժամանակն է որոշում, թե որ աշխատությունն էր իր օրերի իրադարձություն, իսկ որը՝ աղբյուր հաջորդ սերունդների համար։ Ֆելիքս Մովսիսյանի դեպքում այդ հեռանկարի մասին խոսելու հիմք կա նաև նրա նախորդ աշխատանքի պատճառով։ Նա մեկ անգամ չէ, որ վերադարձել է մասոնության թեմային, և ամեն հաջորդ ուսումնասիրություն ընդլայնել է նախորդի սահմանները։ Այդ հետևողականությունն է, որ թույլ է տալիս խոսել ոչ թե պատահական հետաքրքրության, այլ գիտական մասնագիտացման մասին։

Եվ եթե այսօր ինչ-որ մեկը կարծում է, թե այս թեմայով արդեն բավական է գրել, հենց այստեղ էլ կարելի է հակադարձել՝ գիտությունը «բավական է» բառով չի բավարարվում։ Եթե աղբյուրները դեռ կան, չուսումնասիրված էջեր կան, չպարզաբանված կենսագրություններ կան, ապա պատմաբանի աշխատանքն ավարտված չէ։ Ավելին՝ Մովսիսյանի հետագա մտադրությունների մասին խոսելիս պետք է նշեմ, որ նա անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Հայաստանում վերջին շուրջ քառորդ դարում գործող «Հայոց գերագույն օթյակին» և դրա անդամներին։ Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, այն կլինի նրա գիտական ճանապարհի հերթական փուլը։ Խոսքը դեռևս ապագա աշխատանքի մասին է, ոչ թե արդեն ավարտված գրքի, և հենց այդպես էլ պետք է այն դիտարկել։

Այս մեծ աշխատանքի կողքին առանձնահատուկ տեղ ունի նաև Հովսեփ Նալբանդյանը։ Նրա անունը այս պատմության մեջ պարզապես որպես հովանավոր հիշատակելը, կարծում եմ, նվազեցնում է նրա իրական դերակատարությունը։ Նալբանդյանը տարիներ շարունակ զբաղվում է ոչ միայն գրքերի ֆինանսավորմամբ, այլև դրանց հրատարակչական, մատենագիտական և մշակութային շրջանառությամբ։ Նրա նախաձեռնած «Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեան» մատենաշարը գործում է 2005 թ.-ից, հրատարակվել են բազմաթիվ հայկական ուսումնասիրություններ ու գիտական աշխատություններ։ Աղբյուրներում նշվում է, որ այդ մատենաշարով հրատարակված գրքերից տասնյակները կապված են նաև Վանաձորի համալսարանի գիտնականների հետ։ Նալբանդյանի գործունեության մեջ առանձնահատուկն այն է, որ նա ինքը ևս գրքի մարդ է՝ հեղինակ, կազմող, խմբագիր, մատենագետ և հրատարակիչ։ Նրա աշխատությունների շարքում կան հանրագիտարաններ, բառարաններ, մատենագիտական ժողովածուներ, հայագիտությանը, գրականությանը, պատմությանը և մշակույթին վերաբերող ուսումնասիրություններ։ Նրա գործունեությունը տասնամյակներով կապված է նաև Սփյուռքի կրթական ու մշակութային կյանքի հետ։ Այդ պատճառով Մովսիսյան–Նալբանդյան համագործակցությունը ես ավելի շուտ կբնորոշեի որպես գիտական աշխատանքի և մշակութային հովանավորության արդյունավետ միություն, քան պարզապես հեղինակ–հովանավոր հարաբերություն։Մեկը ուսումնասիրում է։ Մյուսը փորձում է այնպես անել, որ այդ ուսումնասիրությունը չմնա միայն ձեռագրի, համակարգչի կամ գիտնականի սեղանի վրա։

Եվ սա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ լուրջ գիտական գիրքը հազվադեպ է դառնում արագ սպառվող «ապրանք» տեղեկատվության աշխարհում։ Նալբանդյանի երկարամյա գործունեության մասին աղբյուրները վկայում են նաև Հայաստանի և Սփյուռքի գրադարաններին ու կրթական հաստատություններին նրա կատարած մեծածավալ գրքնվիրատվության մասին։ Սեպտեմբերի 29-ին Վանաձորի պետական համալսարանում այդ ամենը կարծես մի ամբողջության մեջ էր հավաքվել. գիտնականին ներկայացնող գիտական միջավայր, գրքի հրատարակությանը նպաստած մշակույթի նվիրյալ, համալսարանի գիտական խորհուրդ, դասախոսներ ու հյուրեր։ Իսկ այդ ամենի կենտրոնում երկու հատոր էր, որոնց էջերում մի թեմա, որը երկար ժամանակ մեր պատմագրության մեջ ամբողջական ձայն չուներ, բայց իր վերջո սկսեց խոսել իր փաստերով։

Հովսեփ Նալբանդյանին նույն օրը պատվավոր դոկտորի կոչում շնորհելը նույնպես խորհրդանշական երանգ էր հաղորդում միջոցառմանը։ Մարդուն, որի գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված է հայ գրքի, կրթության, մատենագիտության և մշակույթի պահպանման հետ, համալսարանը գնահատեց իր գիտական խորհրդի որոշմամբ։

Իսկ Ֆելիքս Մովսիսյանի երկու հատորները, կարծում եմ, պետք է թողնել իրենց բնական ճանապարհով գնալու։ Դրանք պետք է կարդան, քննարկեն, քննադատեն, օգտագործեն հաջորդ ուսումնասիրություններում։ Գիտական գիրքը հենց դրանով է կենդանի։ Այն չի պահանջում, որ բոլորը նույն գնահատականը տան իրեն։ Այն պահանջում է, որ իրենով սկսեն նոր հարցեր տալ։Գուցե սա է նաև այս 1600 էջի ամենամեծ արժեքը։ Գիրքը ոչ միայն փակված էջ է բացում։ Այն բացված էջի շուրջ նոր հարցեր է ստեղծում։ Եվ եթե տարիներ անց որևէ երիտասարդ պատմաբան այս երկու հատորները բացի ու դրանցից սկսի իր սեփական որոնումը, նշանակում է՝ Մովսիսյանի կատարած երկար ճանապարհը շարունակություն է ստացել։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ